Հայաստանի համար հաճախ բացասական ազդեցություն ունեցող հարեւան Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության, Հայաստանի համար դրա հնարավոր հետեւանքների մասին զրուցեցինք 2000 թվականից Երեւանում գործունեություն ծավալած Եվրոպական Ինտեգրացիա հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի հետ: Կարեն Բեքարյանը Թուրքիայի անդամակցության հարցը որպես փաստ կամ որպես կարգավիճակ շատ ավելի քիչ է կարեւորում, քան բուն գործընթացի փաստացի լինելը: Բեքարյանի կարծիքով, Հայաստանի համար շատ ավելի կարեւոր է, որ Թուրքիան այդ ճանապարհը բնականոն անցնի:

Ինչպե՞ս է Հայաստանում ընկալվում այս երկրի վարած արտաքին քաղաքականությունը:

Բավական բարդ: Եթե փորձենք դա հիմնել մի քանի բանաձեւերի վրա, ապա հետեւյալ տեսքը կունենա : Խնդիր համար մեկ. Թուրքիայի արտաքին քաղաքականությունն իր ամբիցիաների տեսակետից շատ ավելի առաջ է գնացել, քան նրա հնարավորություններն են: Այսինքն, մեծագույն ցանկությունը` նոր դերակատարում ավելի լայն ծավալով թե՛ տարածաշրջանում, եւ թե՛ գլոբալ կտրվածքով. ժամանակ առ ժամանակ բերում է տարաբնույթ աբսուրդների: Որովհետեւ, վերջ ի վերջո, այդ քաղաքականությունը պետք է համահունչ լինի հնարավորությունների եւ քաղաքական մշակույթի հետ: Օրինակ՝ Դավութօղլուի հայտնի` «զրո խնդիր հարեւանների հետ» թեզը ոչ միայն կյանքի չկոչվեց, այլեւ եղած խնդիրներին ավելացրեց նորերը: Սա խոսում է այն մասին, որ նույն ամբիցիաները տարածվում են ավելի լայն մասշտաբով: Մեկ ամբիցիաներ դեպի արաբական եւ մահմեդական աշխարհ, մեկ՝ Ռուսաստանի հետ միասին տարածաշրջանային Եվրասիական ենթատեքստի ներքո դերակատարում, մեկ ԵՄ անդամակցություն, մեկ էլ ԱՄՆ-ի հետ դաշնակից, բայց տարածաշրջանում մենակ խաղացող լինել: Այս անընդհատ խաղացող վիճակը ցույց է տալիս շատ մեծ ամբիցիաներ եւ դրան համապատասխան հնարավորությունների բացակայություն: Երկրորդ բանաձեւը, պայմանականորեն ասված, խնդիրների ճոճանակն է: Խնդիրները քիչ չեն եւ դրանցից յուրաքանչյուրով փորձում են ուշադրություն շեղել: Օրինակ, Կիպրոսի հետ կապված հարցը սրանում է, քրդական խնդրի հետ կապված ինչ-որ դրական քայլի իմիտացիա է արվում: Մինչ ուշադրությունը շեղվում է դեպի այդ կողմ, մյուս կողմում հարցը խորանում է եւ հայտնվում ճգնաժամի մեջ: Երրորդը՝ ժամանակ առ ժամանակ վերջնագրերի կամ սպառնալիքի վերածվող քաղաքականությունն է: Օրինակ` ԵՄ-ի առջեւ վերջնաժամկետ են դրել. «Եթե մինչեւ 2023-ը չդառնանք ԵՄ անդամ…» եւ ինչ-որ սպառնալիքների շարք: Այսինքն՝ ասել, որ Թուրքիան տարածաշրջանում դերակատարում չունի, կոռեկտ չէ: Իհարկե ունի. մեծ երկիր է, ունի մեծ ազգաբնակչություն, ՆԱՏՕ-ի ամենամեծ երկիրն է ԱՄՆ-ից հետո: Ասել, որ այդ դերակատարումն այնքան է, որքան նրանք ուզում են կամ պատկերացնում, նույնպես կոռեկտ չէ:

Միջին Արեւելքն էլ է շատ կարեւոր: Երբեմն Թուրքիան տարակուսում է. լինել ԵՄ անդա՞մ, թե՞ իշխել Միջին Արեւելքում…

Այո, մահմեդական աշխարհն է, որ Միջին Արեւելքով չի սահմանափակվում: Թուրքիայի ամբիցիաները նեղ մասշտաբով չեն սահմանափակվում:

Խաղացող արտաքին այս քաղաքականությունը երբեմն ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում է նաեւ Հայաստանի վրա: Այս երկրի անդամակցությունը ԵՄ-ին դրական եւ բացասական ի՞նչ կողմեր կարող է ունենալ ՀՀ-ի համար:

Հնարավոր երկու սցենար կա: Երբ ասում ենք ԵՄ-ի անդամակցություն՝ դա կարող է լինել եվրոպական չափանիշներին համապատասխանելով կամ էլ քաղաքական որոշման արդյունքում: ԵՄ-ն երկու դեպքերն էլ ունեցել է: Ավելի վաղ հենց այսպես է լուծվել Հունաստանի, Պորտուգալիայի հարցը: Երբ չափանիշների որեւէ լիարժեք համապատասխանություն չկա, բայց քաղաքական շահը դառնում է ավելի գերակատար: Հետեւաբար՝ երկուսի պարագայում էլ Հայաստանի համար պատասխանը տարբեր է: Եթե դա լինի չափանիշներին չհամապատասխանելով, քաղաքական որեւէ նպատակահարմարությունից ելնելով, ապա շատ բացասական կլինի ՀՀ-ի համար եւ վնաս է կբերելի: Եվ դա ոչ թե առաջին հերթին վնաս է բերելու Հայաստանին, այլ եվրոպական արժեքային համակարգին, քաղաքականությանը եւ տարածաշրջանին: Որովհետեւ եթե նա ստացավ այդ հնարավորությունը, դա բերելու է գերագնահատման սինդրոմի: Իսկ եթե 50 կամ 100 տարի անց անդամակցի եւ դա լինի չափանիշներին համապատասխան, կլինեն դրական արդյունքներ: Որովհետեւ անկանխատեսելի հարեւան ունենալ եւ ինչ-որ մեծ կառույցի գլխարկի տակ գտնվող հարեւան ունենալու մեջ էապես տարբերություն կա. սկսած անվտանգությունից, մինչեւ շատ այլ հարցեր: Օրինակ` հնարավոր չէ պատկերացնել այդ չափորոշիչների պարագայում փակ սահմաններ: Պատկերացնել, որ իր պատմության հետ չի առերեսվելու, նույնպես հնարավոր չէ , քանզի մարդու իրավունքների հարց կա: Այսինքն՝ դրական շատ տարրեր կան, բայց այստեղ առկա է մի ենթակետ. չափորոշիչներին բավարարելով առաջ գնալու դեպքում հայ-թուրքական խնդիրներն էլ զուգահեռաբար լուծում կգտնեն: Հակառակ պարագայում Թուրքիայի՝ ԵՄ-ում հայտնվելու պարագայում կառաջանա վտանգ, որ հայ-թուրքական հարաբերությունները կվերածվեն հայ-եվրոպական խնդրի: Այդ պատճառով Հայաստանի եվրաինտեգրման տեմպը պետք է ավելի առաջ լինի:

Իսկ եթե դա լինի քաղաքական միտումներո՞վ:

Սարսափելի հետեւանքներ կլինեն: Ի դեպ՝ ոչ միայն Հայաստանի համար: ԵՄ-ից հիմա տեղափոխվենք Եվրոպայի Խորհուրդ եւ պատկերն ավելի հստակ կլինի: Օրինակ` եթե քո որեւէ անդամ անընդհատ բոլոր պարտավորությունները խախտում է եւ դու ընտրում ես ինչ-որ աննորմալ, բայց օբյեկտիվ միջոցներ. նրան պատժում ես, անդամակցությունից հեռացնում, բայց նաեւ գիտակցում, որ այդ պարագայում կորցնում ես նրա հանդեպ գերակայությունդ… Երկրորդ տարբերակը չես գնում նման քայլի եւ նա դառնում է վարակ կազմակերպության ներսում ու դառնում շատ մեծ գայթակղություն, որ մյուսներն էլ այդպես վարվեն: Այսպիսով մեծագույն վնաս է հասցվում կառույցին: Նույնը լինելու է, եթե Թուրքիան քաղաքական միտումներով դառնա ԵՄ անդամ: Մարդու իրավունքներից ենք խոսում, բայց պետք է հաշվի առնենք, թե ինչ են անում քրդերի հետ: Չի կարելի թույլ տալ, որ որեւէ մեկն ագրեսիայի ենթարկի ուրիշի տարածքը, բայց այսօր մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ Հյուսիսային Կիպրոսը գրավված է նրա կողմից: ԵՄ անդամ երկիրը չի կարող խնդիր ունենալ հարեւանների հետ, նա ոչ միայն հարեւանների հետ խնդիր ունի այլեւ ինքն իր երկրի ներսում: Այս ամենով հանդերձ, եթե Թուրքիան մտնի ԵՄ, դա կլինի իրական վարակ:

Ի՞նչ սպասումներ ունի Հայաստանը ԵՄ-Թուրքիա հարաբերություններից:

Հայաստանը սպասում է, որ ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լինեն իրատեսական օբյեկտիվ դաշտում եւ նորմալ ընթացքով բանակցություններ: Եվ քանի որ Թուրքիան այսօր ունի թեկնածության կարգավիճակ, դա նշանակում է բանակցային մեծ թվով փաթեթներ: Այդ փաթեթների եւ պարտավորությունների արդյունքում Թուրքիան կեվրոպականացվի: Քանի դեռ այդ գործընթացը կա, որը թեկուզ եւ շատ դանդաղ, երբեմն էլ՝ տեղում դոփելով է առաջ գնում, Հայաստանի կողմից չի կարող դրական չդիտարկվել:

Երբ խոսքը գնում է ԵՄ-ի անդամակցության մասին, շատերն ասում են՝ Հայաստանի համար լավ կլինի, քանի որ հարեւան կլինենք ԵՄ-ին: Դուք սրան չանդրադարձաք: Ինչո՞ւ:

Մտածված կերպով չանդրադարձա: Հայ-թուրքական փակ սահմանը միաժամանակ Հայաստան-ՆԱՏՕ փակ սահմանն է, դրանից ինչ-ոչ բան փոխվո՞ւմ է: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար, եթե Թուրքիան ԵՄ է մտնում քաղաքական միտումներով, նույն հաջողությամբ փակ կլինի ԵՄ-Հայաստան սահմանը: Սա պատճառ չէ, այլ հետեւանք: Եթե նա գնա բնական ճանապարհով, այդ սահմանը պաշտոնապես անդամ դառնալուց էլ շուտ կբացվի: Հայաստանն անհատական գործողությունների գործընկերության շրջանակում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բավական լայն դաշտ կունենա, բայց դա ոչինչ չի փոխում եւ ՆԱՏՕ-ի հետ հարեւան սահմանը փակ է:

Source: REPAIR